Վարչապետը որոշ մանրամասներ է ներկայացրել եռակողմ հանդիպումից

Չեմ կարող ասել, որ արդյունքները գոհացնում են։ Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է։ 2022թ պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան– Ադրբեջան – Ռուսաստան եռակողմ բանակցությունների ժամանակ ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը վերաբերող հարցերին։

«Տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Այս թեման քննարկել ենք նաև ՌԴ մեր գործընկերների հետ, և չեմ կարող ասել, որ արդյունքները գոհացնում են։ Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ առիթ ունեցել է ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը ևս մտահոգիչ է։ ՀՀ վարչապետի խոսքով այս իրադրության կարգավորման ուղղությամբ հայկական կողմը շարունակելու է քննարկումները, այդ թվում՝ ռուսաստանցի գործընկերների հետ։

Նա պատմել է, որ Մոսկվայում քննարկվել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ըստ վարչապետի՝ Հայաստանը պատրաստ է դրան, բայց դա պետք է տեղի ունենա 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա. «Մենք ընդգծել ենք, որ երկրների սուվերենության և իրավազորության ներքո պատրաստ ենք շատ արագ կոմունիկացիաների վերաբացմանը։ Փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա։ Մենք տրամադրված ենք ու շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն»։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այս հարցում մեծ ճկունություն է ցուցաբերում. «Իմ ասած սկզբունքը տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման մասին է, և կարծում եմ՝ մենք այդտեղ բավական ճկուն և կառուցողական դիրքորոշում ունենք, պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը»։

Նա շեշտել է, որ այդ հարցի լուծումը միայն Հայաստանից չի կախված։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print