Դատախազը պահանջել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:
2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Տեղեկությունը հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ դեպքի օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը և տրված իրավական գնահատականը շտկելու համար, ինչը կատարվել է:
«Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ»,-ասվում է հաղորդագրությունում։
Դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է նաև հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:
Դատախազությունը պահանջել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:
Միևնույն ժամանակ, դատախազի կողմից «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն՝ պարզելու անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները։
Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։
Հետո ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։