Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը և արդիականացումն իրականացվում է ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով: 2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։ 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման  ծրագրի շրջանակում, հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը, որին  ներկա են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, միջազգային  կառույցների և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ: 

«Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես,  Եվրոպական միությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ոչ միայն միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմանների, այլև Մեղրիի արդիականացված անցակետում բովանդակային փոփոխությունների կարևորությունը: «Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք և նպաստենք առևտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը և նոր բիզնես միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահը:

ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը. «ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին կապ հաստատել հարևան երկրների հետ և դյուրինացնել առևտուրը: Սահմանային անցակետի արդիականցումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարը:  

Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը և արդիականացումն իրականացվում է ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով: 2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։ 

Անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Թանա Էներջի Մենեջմենթ»  ընկերությունը (Tana Energy Management Company): Շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողությունն  իրականացնում է «Ռաֆթեն ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Roughton International Limited Company): 

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:

Արդյունք

Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման,  բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print