Ինդոնեզիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ «առաջարկվող միջոցներն արդեն ցույց են տվել պատմության ընթացքում իրենց արդյունավետությունը», այդ թվում Կորեական թերակղզում։
Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովի ժամանակ, որն ընթանում է Սինգապուրում, առաջարկել է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման սեփական նախագիծը։ Այդ մասին հայտնում է Meduza-ն։
Ինդոնեզական խաղաղության բանաձևի հիմնական կետերն են.
- երկու կողմերից կրակի անհապաղ դադարեցում,
- ապառազմականացված գոտու ստեղծում։ Յուրաքանչյուր կողմ պետք է իր ընթացիկ դիրքերից հետքաշվի 15 կիլոմետրով։
- այդ գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում,
- ՄԱԿ-ի միջնորդությամբ «վիճելի տարածքներում» հանրաքվեների անցկացում (թե սրանք կոնկրետ որ տարածքներն են, Սուբիանտոն չի մանրամասնել):
Ինդոնեզիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ «առաջարկվող միջոցներն արդեն ցույց են տվել պատմության ընթացքում իրենց արդյունավետությունը», այդ թվում Կորեական թերակղզում։ «Այո, Կորեայում հակամարտությունը մինչ օրս մշտական լուծման կարիք ունի։ Սակայն 50 տարի շարունակ մենք ունենք որոշակի խաղաղություն, ինչն ավելի լավ է, քան զանգվածային ավերածություններն ու անմեղ մարդկանց սպանությունները»,- հավելել է նա։
–