Իմ կամքով եմ նստել մեքենան. մանրամասնում է Աշոտ Փաշինյանը

Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենա։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է առևանգմանը, ապա դա մեքենա նստելու մասին չէր խոսքը, այլ այն պահից սկսած, երբ ես փորձում էի մեքենայից իջնել, ու տիկին Գայանեն թույլ էր տալիս, որ ես իջնեմ մեքենայից։ Հարցը վախենալը չէ, այլ այն, որ ես տիկին Գայանեին հարգանքով, շնորհքով, առանց ագրեսիայի ասել եմ, որ այսքան ժամանակ չի եղել մի իրավիճակ, երբ փորձեք կապվել ինձ հետ ու չկարողանաք։ Ես ասել եմ` իմ կամքից անկախ ինչու եք ինձ տանում Եռաբլուր։ Վերցրեք իմ համարը, զանգեք ինձ, եթե կարիք ունեք հանդիպելու, կհանդիպենք, եթե կարիք ունեք հանդիպելու Եռաբլուրում, կքննարկենք։ Իսկ այս պահին ես չեմ ցանկանում Ձեզ հետ գալ Եռաբլուր առաջին հերթին այն պատճառով, որ դուք առանց իմ կամքը հարցնելու ասում եք` գնում ենք այս տեղը։ Մինչ այդ տիկին Գայանեն ընդամենն ասում էր` նստենք մեքենա` զրուցենք»,– վստահեցնում է Աշոտ Փաշինյանը։

Նրա խոսքով` ինքը չի որոշելու` ով պետք է դատապարտվի, ով` ոչ, իր գործը դատաիրավական համակարգին դիմելն էր, մնացածը մասնագետների որոշելիքն է։

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print