Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել

 Հայաստանում ևս կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է։

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 «Վիճակագրությունը փաստում է` աշխարհում կարմրուկի դեպքերը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են մոտ 80%-ով. միտումը շարունակվում է նաև այսօր: Կարմրուկի դեպքեր գրանցվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Համաճարակային իրավիճակն անհանգիստ է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:

 Հայաստանում ևս կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է։ Մարտի 3-ից մինչ օրս գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 209 դեպք, որոնցից 8-ը վերջին օրերին ճանապարհորդությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են, ովքեր հիվանդացել են հենց շրջագայության ընթացքում։

 Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայումս զբոսաշրջության ակտիվությունը:

Հանգստի մեկնելուց առաջ բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ թերի են պատվաստված կարմրուկի դեմ, ինչպես նաև նախկինում չեն հիվանդացել, խորհուրդ է տրվում մեկնելուց առնվազն 10 օր առաջ պատվաստվել կարմրուկի դեմ:

 Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել», – նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print