Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկություն է տրամադրել

Սյունիքում առևանգված 2 զինծառայողի վերաբերյալ Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին։

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տեղեկություն է տրամադրել 2 հայ զինծառայողների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ-ն Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև հունիսի 16-ը:

Ավելի վաղ՝ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print