Փաշինյանը շեշտեց, որ դրանք փոխզիջումային տարբերակներ են, որոնք մշակվել են վերջին 2 տարում։
Մոսկվայում կայացած տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի նիստում շոշափելի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած հանդիպմանն ասաց ՌԴ գործընկեր Միխայիլ Միշուստինին։
«Ուզում եմ եւս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները՝ ինքնիշխանության սկզբունքի, այն կողմերի իրավասության շրջանակում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Դա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտարարեց նաև, որ հայկական կողմը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, և ինքը հույս ունի, որ դրանք կընդունվեն: Փաշինյանը շեշտեց, որ դրանք միայն հայկական կողմի որոշումներն չեն, փոխզիջումային տարբերակներ են, որոնք մշակվել են վերջին 2 տարում։
ՌԴ վարչապետն էլ հավելեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն` համակարգված աշխատանք է տարվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։
Միշուստինը շեշտեց, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումն ընդհանրապես համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։