Յուրաքանչյուր տարի ԱԱԾ 40 աշխատակցի հնարավորություն կընձեռվի օգտվել ծրագրից։
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է արտոնյալ հիփոթեքային երկարաժամկետ վարկավորման պետական ծրագրի մասնակից դարձնել նաև ԱԱԾ ծառայողներին։ Այժմ այդ ծրագրից կարողանում են օգտվել միայն զինծառայողները։
Ծրագիրը նախատեսում է բնակարանի գնման դեպքում պետության կողմից կանխավճարի տրամադրում 2,5 միլիոն դրամի չափով։ Բացի այդ, բանկի կողմից սահմանված տոկոսներից 5 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը։
«Ներկայումս ԱԱԾ բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Հնարավորություն է ստեղծվում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից»,- նշված է որոշման հիմնավորումներում։
Նախատեսվում է յուրաքանչյուր տարի ԱԱԾ 40 աշխատակցի հնարավորություն ընձեռել ծրագրից օգտվելու։ Այս նպատակով 2024-ին ԱԱԾ-ին կհատկացվի 157 միլիոն դրամ։