Ծառայողական քննություն է նշանակվել

Ենթադրվում է, որ ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց։

ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած վթարի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանում` Գրիգոր Լուսավորիչ փողոցում, խոշոր վթար էր տեղի ունեցել։ Հայտնել էինք, որ «Ֆորդ» մակնիշի մեքենան հարվածել է Toyota, Газель, Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց։

«Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն: Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների կապը տեղի ունեցած վթարի հետ»,– ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունից հայտնում են, որ բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print