Գերիների ու անհետ կորածների ծնողներն ԱԺ-ում էին

Ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2–ին առևանգել են 2023–ի մայիսի 26–ին։

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հանձնաժողովի անդամների և գերիների ու անհետ կորածների ծնողների միջև, հայտնում են Ազգային ժողովից։

Հանդիպման ժամանակ պատգամավորները լսել են ծնողների մտահոգությունները և դիտարկումները «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» աշխատանքների վերաբերյալ։ Ծնողներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ և առաջարկություններ վերոնշյալ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ ակնկալելով ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անմիջական միջամտությունն ու ներգրավվածությունը վերը նշված խնդիրների լուծմանը։

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել խնդրո առարկայի կապակցությամբ։

Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2–ին առևանգել են 2023–ի մայիսի 26–ին։ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print