Կեղծվել են պատվաստման սերտիֆիկատներ և թեստեր

2023-ի մայիսի 1-ի դրությամբ քննվել է ընդհանուր առմամբ նման 68 քրեական գործ։

Covid 19-ի կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների համար մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ-ի հաղորդած տվյալների համաձայն՝ 2023-ի մայիսի 1-ի դրությամբ քննվել է ընդհանուր առմամբ նման 68 քրեական գործ։ Դրանց նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավոր մեխանիզմը դրսևորվել է երկու հիմնական եղանակով։

Մի դեպքում բուժհաստատությունների՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու լիազորություններով օժտված մի շարք պաշտոնատար անձինք, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։

Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի:

«Քննված վերոնշյալ քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 44 անձի նկատմամբ, որոնցից 25-ը՝ բուժաշխատողներ: Քննված քրեական վարույթներից 12-ի նյութերը՝ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: «Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների վերաբերյալ 41 քրեական վարույթներով նախաքննությունը, 2023-ի մայիսի 1-ի դրությամբ, շարունակվել է, իսկ 8 քրեական վարույթ կարճվել է ռեաբիլիտացնող հիմքերով»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print