Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց։ Վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։
Դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, երեկ քննարկել էր Աշոտյանի կալանքի միջնորդությունը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Ցանկանում են «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխել՝ թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ է։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի։ Այս ամենն անձնական վրեժխնդրության հետևանք է, որի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր երեկ, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։