Հուլիսից ուժի մեջ կմտնի առանց մուտքի արտոնագրի Վրաստան ճամփորդելու համաձայնագիրը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։
Վերջինիս նպատակն է հնարավորինս պարզեցնել երկու պետությունների տարածքներում քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Ըստ այդմ, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կարող են փոխադարձ այցելություններ կատարել ոչ միայն անձնագրերով, այլև նույնականացման քարտերով։
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։
«Հաջորդ ամսվա սկզբից այն արդեն ուժի մեջ կմտնի, մինչ այդ կստորագրի նաև Վրաստանի նախագահը։ Այս նախագծի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիների կյանքը կհեշտացվի, և նրանք կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան»,– հայտարարեց Խանդանյանը։ Նրա խոսքով այս համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագրից։
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն։
Կողմ քվեարկեցին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։