Ջհանյանի խոսքով՝ բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, մյուս բոլոր ընկերությունները խոր ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին պատգամավորներ, Կառավարության պատասխանատուներ, «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» ՀԿ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով ՀԿ-ի ուղարկած նամակը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ», «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնել է, որ վերջերս Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, ինչը ողջունել է իրենց միությունը: Սակայն միայն ֆորմալ ռազմավարություն կամ տեսլական ունենալով` հնարավոր չէ զարգացնել այդ կարևորագույն ոլորտը, կարծում է միության ղեկավարը:
«Գուցե այնքան էլ նկատելի չէ, բայց ոլորտը ճգնաժամի մեջ է: Եթե Կառավարության կամ Ազգային ժողովի կողմից ոչինչ չարվի` ճգնաժամն ավելի կխորանա»,- ասել է Վարդան Ջհանյանը և հավելել, որ ճգնաժամի պատճառներից հիմնականը դրամի փոխարժեքի արժևորումն է, ինչը ծանր հետևանքներ է թողնում ոլորտի բոլոր արտադրողների և արտահանողների վրա: Մյուս պատճառը ներդրումների զգալի նվազումն է: Ըստ նրա` բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, մյուս բոլոր ընկերությունները խոր ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ: Շատերը կանգնած են փակվելու վտանգի առաջ: Միության ղեկավարի կարծիքով` օրենսդիր և գործադիր մարմինները չեն անում այնպիսի զգալի քայլեր, որ ոլորտը գրավիչ դառնա ներդրողների համար: Ըստ նրա, ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կամ հարկային արտոնություններ տալ, կամ որևէ կերպ ազդել դրամի փոխարժեքի վրա:
Բարձրացված խնդիրներին անդրադարձել են պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարության և Կենտրոնական բանկի նպատակները չեն տարբերվում հանքարդյունաբերողների նպատակներից: «Այստեղ խնդիրը ճիշտ բալանսը գտնելն է, որովհետև, եթե մենք հիմա ասում ենք, թե ԿԲ-ի գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, դա էլ է, ի վերջո, բերում տնտեսական նորմալ իրավիճակի: Որովհետև, եթե գների կայունությունը խախտվեց, տնտեսական աճ չենք ունենա: Ու չնայած, որ մենք որևէ լծակ չունենք և չենք էլ ուզում միջամտել Կենտրոնական բանկի քաղաքականությանը, բայց այդ քննարկումները միշտ համաժամանակյա են կատարվում, քանի որ նպատակները նույնն են»,- նշել է Բաբկեն Թունյանը` պատրաստակամություն հայտնելով քննարկել ոլորտին աջակցության մեխանիզմները:
«Իրավական առումով ԱԺ-ն և Կառավարությունը նման գործառույթ չունեն, սահմանադրական նման պարտավորություն և իրավունք չունեն, ավելին` Կենտրոնական բանկը եւս չունի: Այլ հարց է, որ ԿԲ-ն, լինելով ֆինանսական կայունության և գնաճի պատասխանատու` Սահմանադրությամբ, կարող է իր գործիքակազմով` միայն այդ տրամաբանության մեջ, որոշակի գործառնություններ իրականացնել, ոչ ավելին: Բայց դա համարվում է ոչ ճիշտ»,- պարզաբանել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Նա հավելել է, որ շուկայական իրավիճակին պետք է հարմարվի տնտեսությունը: «Չի կարող պետության մեջ լինել այնպես, որ այլ ապրանքների գինը որոշվի մրցակցությամբ, իսկ փողի գինը որոշվի ֆիքսված տարբերակով»,- ասել է նա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էլ հայտնել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի քննարկմանը միության ներկայացուցիչները մասնակցել են: Նրա խոսքով Կառավարությունն այդ փաստաթղթում նախանշել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլանը, որով պետք է շարժվի առաջիկա 10 տարում, որպեսզի ոլորտը դառնա ավելի կանխատեսելի: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Կառավարությունն ունի բարեխիղճ և երկարաժամկետ պլաններ ունեցող կազմակերպություններին աջակցության մի շարք ծրագրեր, որոնք գործում են: «Ուղիղ աջակցություն` գումարի տեսքով, Կառավարությունը բազմիցս ասել է, որ չի նախատեսում: Այդ աջակցությունը պետք է միտված լինի արտադրողականության ավելացմանը»,- ընդգծել է Հովհաննես Հարությունյանը: Նա Վարդան Ջհանյանին հորդորել է վերանայել ընկերությունների կառավարման ներքին քաղաքականությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն էլ չի կիսել այն տեսակետը, թե ներդրումները նվազում են: Ամփոփելով աշխատանքային քննարկումը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ օրենսդիր մարմինը մշտապես պատրաստակամ է քննարկել