Կարինե Ղուկասյանը դրդել է ոստիկանության ծառայողին՝ իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։
Կալանավորվել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար, Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի քույրը՝ Կարինե Ղուկասյանը: Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 21-ին ձերբակալվել է Կարինե Ղուկասյանը։ Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևանի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ, և սոցցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը, խնդրելու և համոզելու եղանակով, դրդել է ոստիկանության ծառայողին՝ իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։
Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կ․ Ղուկասյանի հետ, օգտվելով իրեն հասանելի կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին։ Ձերբակալելուց հետո վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ քրեական օրենսգրքի 46-204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ ոստիկանության ծառայողին՝ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (բազմաթիվ դրվագներով)։ Կարինե Ղուկասյանի ձերբակալումից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ, որը հունիսի 22-ին դատարանի կողմից բավարարվել է, և նա կալանավորվել է։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված այլ հանցավոր արարքներ կատարելու համար»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ կալանավորվել էր Վարդան Ղուկասյանի մյուս քույրը՝ Լուսինե Ղուկասյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։