Սուրեն Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ ողջ հանրապետության քարտեզները տեղափոխել են առցանց միջավայր:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է Երևանում և Հայաստանի մյուս բնակավայրերում կադաստրային քարտեզների ճշտումներին։
«Երևանի (և ոչ միայն) կադաստրային քարտեզները դեռ վաղուց երբ իրականացվել է, չեն օգտագործվել այնպիսի տեխնոլոգիաներ, որ թույլ կտային համապատասխան ճշգրտություն ապահովել, և տեխնոլոգիաների բացակայության ժամանակ տարածքների քարտեզագրման ժամանակ եղել են բազմաթիվ սխալներ, որի մասին մենք չեն զլացել, խոսել ենք, որի արդյունքում, առաջին անգամ, կառավարությունը 2021թ. հաստատեց 698 որոշումը, որ վերաբերում էր կադաստրային քարտեզների ուղղման կարգին։ Համապատասխան որոշումն ընդունվելուց հետո կադաստրի կոմիտեն հնարավորություն ստացավ իր նախաձեռնությամբ սկսել քարտեզների ուղղումներ անել։ Այսօր Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի հատվածներում մեր միջոցներով, մեր ռեսուրսների հաշվին ուղղել ենք կադաստրային քարտեզները, և դրանք առցանց են վարվում»,- ասել է նա։
Սուրեն Թովմասյանը նաև տեղեկացրել է, որ ողջ հանրապետության քարտեզները տեղափոխել են առցանց միջավայր․ «Երևանի քաղաքապետարանի հետ ամենօրյա աշխատանք ենք տանում Երևանի և սահմանակից բնակավայրերի միջև սահմանների ճշգրտման աշխատանքն ավարտելու համար։ Այստեղ էլ խնդիր ունենք, որ չկա կոնկրետ սահմանագիծ Երևանի ու հարևան բնակավայրերի միջև։ Այս աշխատանքներն ավարտելուց, Երևանն առցանց միջավայր տեղափոխելուց հետո մենք կսկսենք Երևանի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքը»։
Ըստ նրա՝ ավարտվել է Մասիս, Արտաշատ, Ծաղկաձոր, Հրազդան համայնքների կադաստրային քարտեզների ուղղումները. «Հիմա անում ենք Արարատի Արարատ և Վեդի համայնքները»։ Նա նաև տեղեկացրեց, որ Ծաղկաձորից դուրս է մնացել մի հատված, որտեղ հնարավոր չէր ուղղում անել, այլ դրա համար անհրաժեշտ էր բացառապես սեփականատերերի համաձայնությունը։
–