Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում, Յանդեքս ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։
«Երևանում Yandex քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորելը։
Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործելով Yandex քարտեզները՝
- Տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները
- Պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, կամ ընտրելով դրանք քարտեզի վրա,
- Տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը,
- Հասկանալ՝ ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։
Յանդեքսի հետ համատեղ աշխատանքը շարունակվում է, և երթուղիների առցանց ցուցադրման որակը կբարելավվի։
Այսպիսով, ապագայում ծառայությունը կարտացոլի երթուղիների բոլոր փոփոխությունները՝ որպես հասարակական տրանսպորտի բարեփոխումների մաս:
Հասարակական տրանսպորտի թվայնացման աշխատանքների շրջանակներում առաջիկայում պլանավորվում է նաև նոր գործառույթների ներդում, մասնավորապես՝
- Հասարակական տրանսպորտի գտնվելու վայրի մասին առցանց տվյալների տրամադրում
- Տվյալ տրանսպորտի մոտենալու ժամանակահատվածի առցանց տրամադրում
- Պլանավորվող երթևեկության ժամկետի ճշգրիտ տրամադրում՝ հաշվի առնելով քաղաքի խցանումները»,- նշված է գրառման մեջ: