Հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին:
Ադրբեջանում հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվել էր, որ հայ ռազմագերիներն այսօր կանգնել են Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև: Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար: Հաղորդվում է, թե իբր «հայկական դիվերսին խումբն Ադրբեջանի սահմանը հատել է Զանգելանի (ներկայում օկուպացված Կովսական) հատվածում»:
Հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին:
Հիշեցնենք՝ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին առևանգել էին մայիսի 26-ին Շիկահողի միջդիրքային հատվածից։ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես դիվերսանտներ, որոնք իբր ձերբակալվել էին Ադրբեջանի սահմանը խախտելու փորձի ժամանակ:
Ավելի վաղ՝ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։