Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին վերջնական մեղադրանք է ներկայացվել

Հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին:

Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հերթական դատական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատավորն ընթերցել է վերջնական մեղադրանքը, ըստ որի՝ ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ»։

Հիշեցնենք՝ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print