Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորհրդանշական է համահայկական ուխտագնացության խորագիրը՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր», քանի որ այս տարի լրանում է Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը:
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հուլիսի 5-10-ը Հայաստանում անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ուխտագնացությունը կազմակերպվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:
Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը, ներկայացրեց ուխտագնացության ծրագիրը և տեղեկացրեց, որ համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 150 երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Ներկաներին ողջունեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ արձանագրելով, որ եկեղեցասեր երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են ու այսօր եկել են վերանորոգվելու Սուրբ Էջմիածնի խորհրդով և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։
Այնուհետև երիտասարդներին իր պատգամը փոխանցեց Հայոց Հայրապետը՝ ուրախություն հայտնելով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորհրդանշական է համահայկական ուխտագնացության խորագիրը՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր», քանի որ այս տարի լրանում է Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը:
«Սուրբ Էջմիածինը Աստծո շնորհն է և պարգևը, որ սնուցել է մեր ժողովրդին հավատք, որով և կերտվել է հայի ինքնությունը, նկարագիրն ու ոգին, ազգային և հոգևոր ողջ արժեհամակարգը»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ հայ ժողովրդի զավակները կարողացել են դիմագրավել իրենց առջև ծառացած բոլոր դժվարություններն ու փորձությունները։
Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է հանուն հավատի և հայրենիքի պայքարել տարատեսակ մարտահրավերների դեմ, ինչպիսիք են համաշխարհայնացումը, հոգևոր, բարոյական օտարամուտ արժեքները, Արցախի շրջափակումը, հայրենյաց սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և ազգի անվտագային խնդիրները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ուխտավոր երիտասարդներին, որ յուրաքանչյուրն իր երկրում իր ձայնը բարձրացնի արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների կանխարգելման համար։ Հայոց Հովվապետը պատգամեց հայորդիներին, որ չթերագնահատեն իրենց կարողությունները և երիտասարդական ավյունով ջանքեր գործադրեն ի խնդիր հայրենիքի զորացման ու շենացման և ի նպաստ կարիքի մեջ գտնվող ազգի զավակների։ Նորին Սրբությունն ուխտավորներին հորդորեց նաև անխաթար պահել ազգային, հոգևոր ու բարոյական արժեհամակարգը, ինչպես նաև մեր հայրերից ժառանգած ավանդություններն ու սրբությունները։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ուխտագնացության կազմակերպիչներին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, երիտասարդական միությունների հետ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և հայրենաշեն ծրագրերին աջակցելու համար։
Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց թեմակալ բոլոր առաջնորդներին, ովքեր քաջալերում, խրախուսում և հովանավորում են եկեղեցասեր երիտասարդաց միությունների եկեղեցանպաստ առաքելությանը:
Վերջում Հայոց Հայրապետը ուխտավոր հայորդիներին մաղթեց, որ Տերն ունկնդիր լինի նրանց խնդրանքներին և նորոգի ու զորացնի նրանց ուխտը։
–