Հայ զինծառայողները գերեվարվել են չընդհատվող զինված հակամարտության ընթացքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ․
 
«Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
 
Համաձայն ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող) 2023 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։
 
Այս առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print