ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Սիսիանում տեղի ունեցած դանակահարությունից

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ավտոպատահար է տեղի ունեցել, որից հետո 3 անձ դանակահարվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մասնավորապես, նախնական տվյալներով, 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև: Վիճաբանության ընթացքում դեպքի վայր է գնացել նաև երիտասարդի եղբայրը՝ 30-ամյա տղամարդը։

«Վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին, ինչպես նաև՝ դեպքի վայրում գտնվող և վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն՝ վերջիններիս պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու, խուլիգանական դրդումներով սպանության փորձի, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի սպառնալիքով խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 9-ին, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։ Վթարից հետո դեպքի վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Գ․ և Տ․ Պողոսյաններին և Վ Թարվերդյանին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print