Պուտինը հանդիպել է Պրիգոժինի հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ այս հանդիպման մանրամասները հայտնի չեն, բայց հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության առաջնորդ Եվգենի Պրիգոժինի, ընկերության ղեկավարության հետ և քննարկել հունիսի 24-ի իրադարձությունները, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հանդիպման է հրավիրել 35 հոգու. ջոկատների բոլոր հրամանատարներին և վաշտի ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ այս հանդիպման մանրամասները հայտնի չեն, բայց հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկել։

«Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ նախագահը գնահատական է տվել վաշտի գործողություններին ռազմաճակատում, ինչպես նաև տվել է իր գնահատականը հունիսի 24-ի իրադարձություններին: Պուտինը լսել է հրամանատարների բացատրությունները և նրանց առաջարկել աշխատանքի տեղավորման և աշխատանքային գործունեության հետագա տարբերակներ», – ասել Է Պեսկովը։

Հրամանատարները ներկայացրել են նաև կատարվածի իրենց վարկածը։

Պեսկովի խոսքով՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հրամանատարները ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վստահեցրել են, որ նրա հավատարիմ կողմնակիցներն են և պատրաստ են շարունակել պայքարը հանուն հայրենիքի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print