Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Կառավարությունը ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում, իսկ ջրամբարաշինությունը ընդամենը 46 տոկոսով է կատարվել:
Կապսի ջրամբարի շինարարությունն այս տարի սկսվել է։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Որպես քննարկման լավ նոտա` ուզում եմ ասել, որ երկար տարիներ ամենատարբեր պատճառներով չստացված ամենախոշոր ջրամբարի` Կապսի շինարարությունն այս տարի սկսվել է»,– հայտարարեց Տերտերյանը` ի պատասխան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտողությունների։
Նշենք, որ Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարել էր, որ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում պետք է այնքան ջուր լիներ, որ հիմա կառավարությունը չգար ու խղճմտանք առաջացնող ելույթներ ունենար` լրացուցիչ ջրառի ու կործանվող բերքի մասին։
«Երեկ առաջին ընթերցման ժամանակ ելույթ ունենալիս ես ասացի, որ սխալ ուղով է գնում կառավարությունը, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում և հարց ուղղեցի, թե ինչքան ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը։ Ես պատասխան չստացա, որովհետև ոռոգման սեզոնն սկսվում է, ու արդեն ջուր չկա: Տեղական արտադրության բանջարեղենի ծավալը նվազել է, քանի որ ջուր չկա, բերք չկա։ Ընդամենը 46 տոկոսով է կատարվել ջրամբարաշինությունը։ Այս կառավարությունն արդեն որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը»,– հայտարարեց Խաչատրյանը։
Ի պատասխան Վաչե Տերտերյանն ավելացրեց, որ մեր ջրամբարները հեղեղային են, այլ ոչ թե հոսքային, ու, ցավոք, այս տարի նաև եղանակային պայմանների պատճառով ջրամբարներում քիչ ջուր է ամբարվել։
Նշենք, որ ԱԺ–ն 2–րդ ընթերցմամբ քննարկում էր Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ 240 մլն խմ ջրառ իրականացնել` նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն։ Նախագիծն առաջին ընթերցմամբ հուլիսի 11–ին ԱԺ–ն ընդունել էր։