Հանրային լողափերի ստեղծումից հետո դրանք մրցութային կարգով տրամադրվելու են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` բարեկարգման, կահավորման և սպասարկման պայմանով:
Սևանի ափամերձ տարածքներում կստեղծվեն 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Իրավական ակտի ընդունումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորության ձևավորումն է»,– հայտնեց նախարարը։
Հանրային լողափերի ստեղծումից հետո դրանք մրցութային կարգով տրամադրվելու են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` բարեկարգման, կահավորման և սպասարկման պայմանով:
Հանրային լողափերում գործում են ու գործելու են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։ Կապալառուն պետք է ներկայացնի նաև հեռանկարային ներդրումային և հավելյալ աշխատատեղերի ստեղծման ծրագրեր:
«Իհարկե, սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։ Ունենք նաև ձևավորած այնպիսի ստանդարտներ, որպեսզի քաղաքացիների հանգիստը հանրային տարածքներում պատշաճ լինի` ծխել չի կարելի, բարձր երաժշտություն չի կարելի, ավելի ճիշտ` երաժշտությունը մի կետից է լինելու, թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք։ Այսպիսի ստանդարտեր ունենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հանրային հանգստի այդ հատվածներում մեկը մյուսին չխանգարել ու իրենց հանգիստը ճիշտ կազմակերպել»,– ասաց Սիմիդյանը։
ՇՄ նախարարը նաև հայտնեց, որ ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը:
8 հանրային լողափերից պառկելաթոռներով, հովանոցներով, զուգարաններով, խաղահրապարակներով, ավտոկայանատեղիներով, հանդերձարաններով, նստարաններով, բուժկետով, փրկարարական կետով և այլ անհրաժեշտ պարագա–ծառայություններով մինչ օրս կահավորված են միայն 3-ը` Սևանի ու թերակղզու լողափերը։
Կայացած մրցույթների արդյունքում մեկնարկել են մյուս լողափերի կահավորման աշխատանքները, իսկ 1-ում` Նորատուսի լողափում, հայտարարված մրցույթների արդյունքում հայտեր չեն ներկայացվել:
ՇՄՆ–ի տվյալներով` Սևանի հանրային լողափերը ամռան ընթացքում մինչև 90 000 հանգստացողի են հյուրընկալում։