Անօրինական միգրացիայի կազմակերպման փորձեր. կա 5 մեղադրյալ

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 63-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 63-ամյա բնակչուհին, իր ծանոթներից՝ 24 և 63-ամյա տղամարդկանցից, տեղեկանալով արտասահմանում բնակվող անձանց բանկային քարտերի միջոցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումարներ հափշտակելու հնարավորության մասին, հանցավոր համաձայնության է եկել նրանց և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ:

Նշված կինը տուրիստական գործունեությամբ զբաղվող՝ իր հիմնադրած և փաստացի ղեկավարած ՍՊ ընկերության կողմից տուրիստական ծառայություններ մատուցելու պատրվակով, Երևանում գործող բանկերից մեկից 2019թ. նոյեմբերի 12-ին ձեռք է բերել անկանխիկ վճարումներ կատարելու համար նախատեսված՝ «POS» տերմինալ սարք: Ապա, օգտագործելով 24-ամյա երիտասարդի համակարգչային տեխնիկային տիրապետելու ունակությունները, վերջինիս միջոցով նրա բջջայինի «WhatsApp» հավելվածով ստացել են անհայտ անձի կողմից ուղարկված՝ Հոնկ-Կոնգի HSBC բանկի 5 քարտապանների քարտային տվյալները՝ քարտի վրա առկա 16 թվային նիշերը և վավերականության ժամկետը: Նշված տվյալները 24-ամյա երիտասարդի կողմից մուտքագրվել են վերը նշված «POS» տերմինալ, որի արդյունքում, 2019թ. նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 21.350.000 ՀՀ դրամ գումար: 2019թ. նոյեմբերի 21-ին 63-ամյա կինն ու 24-ամյա երիտասարդն այցելել են բանկ և ընկերության հաշվից կանխիկացրել 6.200.000 ՀՀ դրամ գումար, որից 600.000 ՀՀ դրամն առձեռն փոխանցվել է 24-ամյա երիտասարդին: Կասկածելի գործարքի պայմաններում ՍՊ ընկերության հիշյալ հաշիվը բանկի կողմից սառեցվել է, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են մնացած 15.150.000 ՀՀ դրամը կանխիկացնելու հնարավորությունից:

Բացի այդ, նշված կինը, հանդիսանալով տուրիստական գործակալության տնօրեն, 2016 և 2019թթ. երկու տարբեր անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզաներով՝ մի դեպքում Սիրիայի քաղաքացի հանդիսացող հայազգի մի կնոջ ՀՀ-ից ելքը և Ֆրանսիայի Հանրապետություն մուտքը կազմակերպելու,

իսկ մյուս դեպքում ՀՀ մի քաղաքացու՝ ՀՀ-ից ելքը և Շվեդիաի Թագավորություն մուտքը կազմակերպելու համար։ Նշված առաջին անձից 63-ամյա կինը պահանջել և 2016-2017թ. ընթացքում մաս-մաս ստացել է ընդհանուրը 3.309.800 ՀՀ դրամին համարժեք 6.500 եվրո, իսկ երկրորդից՝ իր ընկերությունում ստացել է 570.300 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Դրանից հետո, նախնական համաձայնությամբ, մի դեպքում պատրաստվել է ԱՄԷ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված՝ շենգենյան երկրներ մուտքի թույլտվության, մյուսի դեպքում՝ Սլովենիայի Հանրապետությունում ձևակերպված շենգեն կեղծ վիզա: Սակայն հանցագործությունը ավարտին չի հասել, քանի որ արտոնագրերի կեղծ լինելու հանգամանքը պարզվել է և այդ մասին հաղորդել է իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նաև, որ 63-ամյա կնոջ հետ վերը նշված դեպքով արդեն իսկ համագործակցած՝ Չեռնոգորիայում գտնվող անձը նախնական համաձայնության է եկել Հայաստանում բնակվող և 63-ամյա կնոջ մեկ այլ մտերիմ հանդիսացած տղամարդու հետ, խմբի կազմում, «Շենգենյան համաձայնության» երկրների մուտքի կեղծ վիզայով ՀՀ մեկ այլ քաղաքացի աղջկա Հայաստանից ելքը և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքը կազմակերպելու շուրջ։ Այդ նպատակով 2019թ. նոյեմբերին ՀՀ-ում բնակվող անձը աղջկա մորեղբորից պահանջել և ստացել է 1.859.060 ՀՀ դրամին համարժեք 3.500 եվրո կանխիկ գումար: Ապա 2019թ. նոյեմբերին նա՝ աղջկան ՀՀ-ից փոխադրել է Վրաստան, որտեղից Թուրքիայով միասին մեկնել են Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանա։ Կարճ ժամանակ անց աղջկա տվյալներով պատրաստվել է կեղծ վիզա, որը վերջինս ստացել է Չեռնոգորիայիում բնակվող անձից։ Սակայն Ալբանիայից Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելիս իրավապահները պարզել են վիզայի /արտոնագրի/ կեղծ լինելը և աղջիկը ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 63-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մյուս երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երկուսին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print