Հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով մեկ երիտասարդ մահացել է, 3-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Նախնական տվյալներով՝ 2023թ. հուլիսի 17-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել իր հետ վիճաբանող անձանցից չորսին։ Դրա հետևանքով մեկ անձ՝ ծնված 2003թ., ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և, գիտակցության չգալով, մահացել «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ մյուս երեք անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ միջադեպի բոլոր մասնակիցները Բյուրեղավանի բնակիչներ են։
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը նույնպես Բյուրեղավան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991 թվականին։ Դեպքից ժամեր անց նա հայտնաբերվել է, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: