Ընկերությունը նախատեսում է զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և ընդլայնել իր ներկայությունը Հայաստանի շուկայում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ozon ընկերությանը Հայաստանի շուկայում արդյունավետ գործունեություն իրականացնելու հարցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն ընդունել է Ozon ընկերության ղեկավարությանը, հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ։
Ozon-ը Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի առաջատար ընկերություններից է, որի հարթակում այժմ ներկայացված են առավել քան 250 հազար ձեռներեցներ, որոնք մարքեթփլեյսի միջոցով առաջարկում են մոտ 200 մլն ապրանքատեսակներ։
Հավելենք, որ Ozon ընկերությունն ակտիվորեն զարգանում է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետությունների շուկաներում, այժմ նախատեսում է զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և ընդլայնել իր ներկայությունը Հայաստանի շուկայում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ գնորդներին արդեն հասանելի է Ozon ռուսաստանյան մարքեթփլեյսի գրեթե ողջ տեսականին։ Հայաստանում գնորդներն առաջին փուլում ապրանքները կկարողանան ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով։ Ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի մոտ յոթ օր: