Երասխ ուղեմասով ընթացող «Մերսեդեսը» մխրճվել է վթարի վայրում հավաքված մարդկանց մեջ․ 14 հոգի հարվածից հայտնվել են հանդիպակաց ուղեմասում։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել վթարի և դրան հաջորդած վրաերթի մասին։
Երևան-Երասխ մայրուղում հուլիսի 18-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից անմիջապես հետո ոչ սթափ վիճակում մեքենան վարող «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել գազոնային հատվածում հավաքված 14 անձի, որոնցից երկուսը հիվանդանոցում մահացել են։
Պարզվել է, որ հուլիսի 18-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետր հատվածում բախվել են «Գազել», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Փոքր Վեդի գյուղի 21-ամյա բնակիչը տեղում մահացել է:
Ավտովթարից հետո դեպքի վայրում` բաժանարար գազոնային հատվածում, մարդիկ են հավաքվել։ Այդ ժամանակ Երևանից դեպի Երասխ ուղեմասով ընթացող «Մերսեդեսը» գազոնային հատվածում վրաերթի է ենթարկել մարդկանց, ապա դեպի հանդիպակաց ուղեմաս դուրս եկել։ Վրաերթի ենթարկված անձինք հարվածից հայտնվել են հանդիպակաց ուղեմասում, իսկ «Մերսեդեսը», շարունակելով ընթացքը, բախվել է «Ֆորդ Տրանզիտ»–ին:
Դեպքից հետո 15 անձինք, որոնցից 14-ը՝ վրաերթի ենթարկված, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Հիվանդանոցներում վրաերթի ենթարկված երկու անձ մահացել են գիտակցության չգալով: Նրանցից մեկը Այնթապ գյուղի 43–ամյա բնակիչ է, իսկ մյուսը` վթարի հետևանքով տեղում մահացած Փոքր Վեդի գյուղի բնակչի 25-ամյա եղբայրը։
«Պարզվել են ավտոպատահարներից տուժած բոլոր անձանց ինքնությունը: Հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել և զննության է ենթարկվել տեղանքում գտնվող տեսախցիկների՝ վերաբերելի տեսագրությունները»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Պարզվել է, որ «Մերսեդես» վարորդը, որն Արարատ գյուղի 39-ամյա բնակիչ է, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականը եղել է ուժը կորցրած (ժամկետանց): «Մերսեդես»-ի վարորդը ձերբակալվել է:
ՔԿ–ից տեղեկացնում են, որ վարորդը մեքենան վարելիս հաշվի չի առել երթևեկության ինտենսիվությունն ու ճանապարհային պայմանները, մասնավորապես` ճանապարհային տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար նրան ապահովելու մեքենայի լիարժեք կառավարումը։
«Իր երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ հանդիսացող վթարված ավտոմեքենաները տեսնելուց հետո նա միջոցներ չի ձեռնարկել արագությունն իջեցնելու ուղղությամբ, առանց համոզված լինելու կողանցման անվտանգ լինելու մեջ՝ փորձել է կատարել կողանցում, և, խախտելով ՀՀ ՃԵԿ մի քանի պահանջներ, ինքն իրեն զրկել է տվյալ վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել Երևան-Երասխ մայրուղու 32-րդ կմ-ի հատվածի բաժանարար գազոնային հատվածում կանգնած 14 անձի»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Մերսեդես»-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը) 4-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:
Միջնորդությունը բավարարվել է: