«Դոգ»-ի և Արտակ Գալստյանի գործով պարզվել են շորթում կատարելու 4 դրվագներ

Հանցավոր կազմակերպության հետապնդած նպատակները քողարկելուն ծառայեցվել է «Հանրային ձայն» կուսակցությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ առերևույթ հանցավոր արարաքների վերաբերյալ քննվող քրեական վարույթով ի հայտ են բերվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ պարունակող տվյալներ։ Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Մասնավորապես՝ Վ․ Ղուկասյանը և Ա․ Գալստյանը անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով գույքային միջոցներ կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, անձանցից խարդախությամբ գումարներ հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները օրինական շրջանառության մեջ դնելու նպատակներով 2021թ. կեսերին ստեղծել և ղեկավարել են անհամեմատ ծավալուն հանցավոր նպատակներ հետապնդող, համակարգվածությամբ ու կառուցվածքային կայուն նկարագրով աչքի ընկնող հանցավոր կազմակերպություն։ Վերջինիս գործունեության մեջ ներգրավել է տվյալ պահին քննությանը հայտնի 10 անձ՝ նրանց միջև գործառույթների ընդգծված դերաբաշխմամբ։ Վերջիններիս զգալի մասին մեղսագրվող հանցավոր արարքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս տեղեկացրել է։

Քննության ներկա փուլում արդեն իսկ պարզվել են հանցավոր սխեմայով տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու 4 դրվագներ, որոնցով շանտաժի միջոցով այդ անձանցից պահանջվող գումարները կազմել են ընդհուպ մինչև 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ գույքային միջոցներ։

Նշված դեպքերով կիրառված հանցավոր սխեմայի վերլուծությունը փաստում է, որ Վ․ Ղուկասյանը տարբեր սոցիալական հարթակներում լսարան ձևավորելու, հետագայում նշված լսարանի հանրային կարծիքը որպես իր սպառնալիքների իրականացման գործոն օգտագործելու նպատակով առցանց սոցիալական հարթակներում ստեղծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց կառավարմամբ զբաղվել են նաև հանցավոր խմբի՝ տվյալ գործառույթն ստանձնած անդամները։

Լուրջ սոցիալական, քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ստանալու, պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով հանցավոր կազմակերպության՝ համակարգչային տեխնիկայի, սոցիալական ցանցերի օգտահաշիվների կառավարման, շորթումներ կատարելուն հարմարեցված համակարգչային ծրագրերի, մոնտաժային հմտությունների տիրապետող անդամները Վ․ Ղուկասյանի հանձնարարությամբ հավաքել, մշակել են տեղեկություններ և նյութեր տարբեր անձանց, այդ թվում նաև իրավապահ մարմինների ղեկավարների, դատավորների, նրանց գործողությունների վերաբերյալ, որոնք փոխանցել են Վ․ Ղուկասյանին։ Դրանց հիման վրա, վերջինս նշված բազում օգտահաշիվներով հեռարձակումների միջոցով, բարոյական նորմերի բացահայտ անտեսմամբ, հայհոյախառն բառամթերքով, անպարկեշտ արտահայտություններով, արատավորող տեղեկություններ հրապարակելով թիրախավորել է մասնավոր անձանց և կազմակերպություններին, պետական մարմիններին, այդ թվում նաև իրավապահ համակարգին, դրանցում ծառայություն իրականացնող անձանց՝ նպատակ հետապնդելով հարկադրել վերջիններիս ձեռնպահ մնալ հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ իրենց օրինական ծառայողական պարտականությունների կատարումից և այդ կերպ ապահովել հանցավոր կազմակերպության անդամների «անձեռնմխելիությունը»:

Նույն նպատակով և նկարագրված մեխանիզմով Վ․ Ղուկասյանը անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորող խոսույթով, արատավորող տեղեկություններով թիրախավորվել է նաև տարբեր ատյանների այն դատավորներին, որոնք բավարարել են հանցավոր խմբի անդամ հանդիսացող, քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված յուրային, հանցավոր խմբում ընգրկված անձանց խափանման միջոց կալանքի ընտրության կամ կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունները՝ ունենալով նաև հետագայում իր համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակ։

Հանցավոր կազմակերպության հետապնդած նպատակները քողարկելուն ծառայեցվել է «Հանրային ձայն» կուսակցությունը՝ որպես հնարավորություն՝ ի շահ կազմակերպության ազդելու սոցիալական, քաղաքական կամ տնտեսական որոշումների վրա, ինչպես նաև,  օրինական շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվելու պատրանք ստեղծելու նպատակով ստեղծված «Հանրային ձայն» տաքսի ծառայությունն ու նույնանուն պահնորդական (անվտանգության) ծառայությունը, բարեգործական որոշակի ակցիաներ իրականացնելը:

Ավելին․ հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի դյուրին իրականացնելու, իրավապահ մարմինների հետ «խնդիրներ չունենալու» նպատակով Ա․ Գալստյանի կողմից, նույնանուն իրավաբանական ծառայության քողի ներքո, հավաքագրվել են փաստաբաններ։ Դրա իրական նպատակը եղել է իրավաբանական ծառայությունների քողի տակ հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում՝ մասնավորապես շորթմամբ և խարդախությամբ ձեռք բերված գույքային և նյութական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելը կամ խեղաթյուրելը:

Հանցավոր կազմակերպության առանձին անդամներ անձնական կապեր են ստեղծել իրավապահ կամ այլ պետական կառույցների աշխատակիցների հետ՝ դրանք օգտագործելով հանցավոր խմբի նպատակներից բխող անհրաժեշտ տեղեկատվության, օրինակ՝ հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձանց նույնականացնող, ինչպես նաև յուրայինների վերաբերյալ վարույթ իրականացնող քննիչի, նրա ընտանիքի անդմաների մասին տեղեկություններ ստանալուն։

Հանցավոր կազմակերպությունն իր կայունությունն ապահովել է ներքին գործառույթային «ստորաբաժանումների» ստեղծմամբ և գործարկմամբ,  նաև զգալի, դեռևս օրինականության տեսանկյունից պարզման ենթակա դրամական միջոցների շրջանառության միջոցով: Հանցավոր կազմակերպության ղեկավարներից մեկի ընտանիքի անդամը փաստացի կատարել է կազմակերպության գանձապահի դերը՝ իր անվամբ բանկում բացված պահախցիկում պահելով հանցավոր կազմակերպության գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը, դրամական միջոցները, ապահովելով հանցավոր կազմակերպության ֆինանսական շարժի անվտանգությունը և գաղտնիությունը։ Ֆինանսական միջոցների բաշխումն ու տնօրինումն իրականացվել է հանցավոր կազմակերպության ղեկավարների ցուցումներով:

Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև առերևույթ հանցավոր խմբավորման անդամներից մեկի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ Այդ մասին նյութերը, քննության առարկա դարձնելու նպատակով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել են այլ նախաքննական մարմին։

Ընդհանուր առմամբ, իրականացվող լայնածավալ քննության ընթացքում ստացվել են հանցավոր կազմակերպության, դրա անդամների կողմից առերևույթ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ շորթումների, խարդախությունների, փողերի լվացման, դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և այլ՝ ընդհանուր շուրջ երեք տասնյակից ավելի դեպքերի մասին տվյալներ, որոնք ստուգման առարկա են քրեական վարույթի շրջանակներում։       

Հաշվի առնելով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ  և իրականացվում է նախաքննություն։

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print