ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները տեղում դիտարկում են ստեղծված իրավիճակը:
Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն արդեն Կոռնիձորում են, տեղում դիտարկում են ստեղծված իրավիճակը: Դիվանագետներին ուղեկցում է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք՝ արդեն երկու օր է, ինչ Հայաստանից Արցախ ուղևորված 19 բեռնատար` մարդասիրական օգնությամբ, կանգնած է Լաչինի միջանցքի սահմանին։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մինչ այս պահը շատ փոքր ծավալներով դեպի Արցախ սննդամթերք եւ դեղորայք են ուղարկել, բայց վերջին ժամանակերում դա բացարձակ անհնար է դարձել:
«Դուք տեսնում եք, որ բեռնատարները կանգնած են եւ անհնար է բեռները տեղափոխել սահմանից այն կողմ, դեպի 120 հազար բնակիչներ: Այնտեղ քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները: Ես տեղեկացել եմ, որ կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց այդ ինտեգրացիան արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա կարծում եմ՝ անընդունելի է բոլորիս համար, դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են»:
Մարզպետի խոսքով, մոտեցումը, որ մարդկանց, երեխաներին սոված պահելու միջոցով ինչ-որ նպատակի են ուզում հասնել, չի կարող ընդունելի համարվել ժամանակակից աշխարհում: