Կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է 14 մարզիկով։

Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Dongan Lake Sports Park» բացօթյա մարզադաշտում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել: Հայաստանի թիմի դրոշակակիրներն են եղել աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը:

Միջոցառմանը տրիբունաներից ավելի քան 40 հազար հանդիսական է հետևել:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևերում՝ լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:

Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարի տեղակալը ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print