Մեղրիում ոչնչացրել ենք հակառակորդին․ Տոնոյան

ՊՆ նախկին նախարարի խոսքով՝ ինքն ականատես է եղել, թե ինչպես է գնդակոծվում ռուսական  սահմանապահ զորքերի ստորաբաժանումը։

Մեղրիում իմ գտնվելու հիմնավորման գնահատականը պետք է տա իմ՝ այդ ժամանակվա վերադասը։ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում նման հայտարարություն արեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան Դավիթ Սանասարյանի հարցին, թե ին՞չ էր անում պաշտպանության նախարարը Մեղրիում հոկտեմբերի 21-29–ը Մեղրիում։

«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում, ՀՀ սահմանի 2-3 կմ հեռավորության վրա ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։ Պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈւ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։

Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈւ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական  սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել։ Դա եղել է հոկտեմբերի 25-27 եղած ժամանակահատվածում:

Այդ ժամանակ Մեղրիում դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ուժեր էին տեղափոխվում։ Ամեն դեպքում ես ունեի նաև այլ գործառույթ` հստակ համադրված համագործակցություն ունենալ ՌԴ սահմանապահ ուժերի հետ, որը հաստատվեց ու շատ լուրջ համագործակցություն եղավ, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այնպես ստացվեց, որ միայն ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումն էր, որ գտնվում էր անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,– ընդգծեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print