ՀԱՊԿ-ն պատրաստ է վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի շուրջ։
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին․ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«ՀԱՊԿ կազմավորող երկրները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույն օգուտ քաղել կազմակերպության լայն հնարավորություններից։ Մենք Երևանից դեռևս ակնկալում ենք դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ»,- ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան համոզված է, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։