Կարմիր խաչից հայտնել են, որ բանակցում են Վագիֆ Խաչատրյանին տեսակցելու համար, բայց առայժմ՝ անարդյունք։
Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից առևանգվելուց հետո, ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ առ այսօր կապ չի հաստատել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Ծովինար Խաչատրյանը:
«Ամեն օր մի քանի անգամ գնում ենք Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, իսկ քույրս՝ Երևանի՝ որևէ տեղեկություն իմանալու համար: Մեզ ասում են, որ ոչ մի տեղեկություն չունեն: Հայտնում են, որ բանակցում են հորս տեսակցելու համար, բայց առայժմ՝ անարդյունք»,-մանրամասնել է Ծ. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել և տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան արհեստական շնչառության սարք է միացվել:
Դստեր խոսքով՝ հայրը առողջական խնդիրներ ունի և մեկ անգամ ևս հորդորում է միջազգային կառույցներին՝ արձագանքել իրենց խնդրանքներին և հորը օր առաջ վերադարձնել հայրենիք՝ կյանքը փրկելու համար: