Կարծես լուռ համաձայնություն կա, որ մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանի խոսքով Արցախին դրդում են ընդունել Ադրբեջանի պայմանները, պահանջները, որը, միանշանակ, Արցախի համար անընդունելի է։

Երկխոսությունը ստիպողաբար չի լինում, անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությանը` Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

«Կարծես լուռ համաձայնություն կա, որ մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ, և Ադրբեջանն օգտագործի ճնշման մեթոդը, բայց սա արդեն ճնշման մեթոդ չէ, մենք գտնվում ենք այն կարգավիճակում, որ ցեղասպանության եզրին ենք: Դրա համար սա երկխոսություն անվանել չի կարելի, մեզ ընդամենը դրդում են ընդունել Ադրբեջանի պայմանները, պահանջները, որը, միանշանակ, մեզ համար անընդունելի է, քանի որ ցանկացած երկխոսություն պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի: Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակելու ենք պնդել միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները: Այդ առումով դեռ կա գործիքակազմ: Ի դեպ, ես առաջիկա օրերին հատուկ կոչով, ուղերձով դիմելու եմ միջազգային դերակատարներին և կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով, որովհետեւ եթե դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո նոր մեզ հորդորեն կամ պահանջեն հանդիպել»,- նշեց նա։

Պատասխանելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տարբեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հարթակների վերաբերյալ հարցին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժամանակին ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր իրենց արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունեն իրավունքներ։

«Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին կրում և կար երկխոսություն, արդյունք էլ կար,բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը. ուղղակի երկխոսությունը և հատգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօրվա հետ։ Մենք այն ժամանակ ունեինք ազատ տեղաշարժ Հայաստանի և հնարավորություն ուղղակի շփվելու միջազգային հանրության հետ՝ ոչ թե հեռախոսով, այլ ունենալով այցելություններ, կազմակերպելով հանդիպումներ: Ուստի մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինեն իրական երկխոսություն կամ բանակցություններ»,-նշեց ԱՀ նախագահը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print