Միայն այստեղ հասնելը չի կարող իրավիճակ փոխել. Տեղ համայնքի ղեկավար

Ղուլունցի խոսքով՝ որևէ մեկը չի կարող նույնիսկ ռուս խաղաղապահներին մոտենալ, նրանց հետ միայն կարող են ԱԱԾ սահմանապահ զորքերը երկխոսել։

Հա, եկան, հասան Կոռնիձոր, բայց ես հիմա որևէ օգուտ չեմ տեսնում, որովհետև միայն այստեղ հասնելը չի կարող իրավիճակ փոխել, ամեն ինչ պետք է լինի համակարգված, Կառավարության հետ համաձայնեցնելով։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ խոսելով «Խաչակիրների» ջոկատի ակցիայի մասին։

Հիշեցնենք, որ դեռ երեկվանից «Խաչակիրների» ջոկատը ակցիա էր սկսել Կառավարության դիմաց, ճանապարհներ փակել՝ պահանջելով, որ Կառավարությունն իրենց զենք տա, որպեսզի բացեն Ադրբեջանի կողմից ապօրինաբար փակ պահվող Հակարի կամուրջը։

Երեկ գիշեր արդեն ջոկատի անդամները և համակիրները ուղևորվել են դեպի Կոռնիձոր։

Ղուլունցի խոսքով՝ որևէ մեկը չի կարող նույնիսկ ռուս խաղաղապահներին մոտենալ, նրանց հետ միայն կարող են ԱԱԾ սահմանապահ զորքերը երկխոսել։

«Հասարակ բնակիչն այստեղ ոչինչ փոխել չի կարող։ Եթե հասկանանք, որ հատուկ նպատակ կա ու այն արդյունավետ է, ես եմ առաջինը գնալու իմ ժողովրդի հետ։ Մենք պատրաստակամ ենք կռվել, զոհվել, միայն ճանապարհը բացվի արցախցիների համար, բայց սա պետք է պլանավորված, ծրագրված լինի։ Բոլորն են ուզում, բայց էստեղ կանգնելով ճանապարհ կբացվի՞։ Եթե «Խաչակիները» պիտի գան, բացեն, այսինքն մենք կռիվ ենք ուզում, պետք է հասկանանք, թե որն է մեր ուզածը, կռվենք, թե խոսենք։ Կռվեցինք ու տեսանք, թե ինչքան զոհ ունեցանք, ես դեմ եմ կռվին, բայց հարցը պետք է լուծվի, եթե կռիվն է միակ տարբերակը, բոլորս ենք պատրաստ, բայց պետք է դեռ փորձենք խաղաղ ճանապարհով հասնել մեր ուզածին, եթե չստացվի, ապա Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի։ Տեղի ունեցողը ցեղասպանությունից էլ վատ է։ Ամեն օր զանգեր եմ ստանում, ասում են՝ դեղ ուղարկեք, պատկերացնո՞ւմ եք, բեռնատարներն ամեն ինչով կանգնած են, ինձնից դեղ են ուզում։ Ես չգիտեմ էլ ինչպես որակեմ սա, բայց միջազգային կառույցները պետք է հարցին լուծում տան»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս են այնտեղ ապրում հումանիտար օգնության բեռնատարների վարորդները, քանի որ ճանապարհը փակ լինելու պատճառով նրանք առաջանալ չեն կարողացել, վերջինս պատասխանեց․

«Գորիսի հյուրանոցում են, գնում-գալիս են, բայց իրավիճակը շատ վատ է։ Ամեն օր ավելի է սաստկանում Արցախում տիրող ճգնաժամը, մարդիկ վատանում են, հաց չկա, սրանից ավելի վատ բան ես չեմ տեսել իմ կյանքում»,-նշեց Ղուլունցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print