Պայուսակները կարվելու են հենց Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։
«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը սիրով հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող մեր փոքրիկներին նվիրել թվով 1900 դպրոցական պայուսակ, տեղեկցնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայուսակները կարվելու են հենց Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։
«Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջինցիներին նվիրելու համար։
ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ` ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։
«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։