Միջազգային հանրության կոչը դեռ իրագործված չէ․ Փաշինյանն անդրադարձել է ՄԱԿ ԱԽ նիստին

Ըստ վարչապետի՝ «Իհարկե Հայաստանի հանրությանը դա կարող է տարօրինակ թվալ, որ ես սա արձանագրում եմ , որպես ԱԽ –ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ պնդում է թե Լաչինի միջանցքը փակ չէ»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը։

Ըստ նրա՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը. «Միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ «Իհարկե Հայաստանի հանրությանը դա կարող է տարօրինակ թվալ, որ ես սա արձանագրում եմ , որպես ԱԽ –ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ պնդում է թե Լաչինի միջանցքը փակ չէ»։

Փաշինյանն արձանագրել է, որ միջազգային հանրության կոչը դեռ իրագործված չէ, և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը։

Մինչ այդ, ըստ նրա, ԼՂ-ում օր-օրի սրվում է հումանիտար իրավիճակը. «Ադրբեջանը մի կողմից արգելափակել է ՀՀ կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկի բերքը հավաքի ու ալյուր ստանա։ Սա ևս մի փաստ է, որ հիմնավորվում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար, Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ պաշտոնական Բաքվին կոչ անելով ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու հնարավորութունը զրոյացնելուն ուղղված քայլերից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print