Ռուս մշակույթի գործիչները բաց նամակով դիմել են Սմբատյանների խափանման միջոցը վերանայելու խնդարնքով

Արմեն և Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում։

Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով ՀՀ պատկան մարմիններին բաց նամակով են դիմել հայտնի երաժիշտներ և մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր և Ռուսաստանի 4 պետական ​​մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, սոպրանո, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոևան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ամենաերիտասարդ արտիստ, ջութակահար Դանիել Լոզակովիչը։ 

«Արմեն և Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլև ՀՀ սահմաններից դուրս։ 17 տարեկանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական և արտիստական տաղանդի շնորհիվ Հայաստանի երաժշտական արվեստը մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես նաև ճանաչում՝ աշխարհի շատ երկրներում։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը, որ միջազգային տարբեր շրջագայությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությունը, հեղինակավոր համերգային հարթակներում համագործակցել է հայտնի նվագախմբերի և համաշխարհային աստղերի հետ, դարձել է Հայաստանի ազգային հպարտությունը։ 

Հայտնի հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, ում մենք ճանաչում ենք որպես մեծ հայրենասերի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի իր առաքելության տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Ավելին, բարձր են գնահատվում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Արմեն Սմբատյանի ղեկավարման տարիներին նրա մարդասիրական նախաձեռնությունների մասշտաբն ու կարևորությունը։ 

Մենք հավատում ենք, որ Հայաստանի դատական համակարգը հիմնված է արդարության և հումանիզմի սկզբունքների վրա, և առաջնային են համարվում օրինականությունն ու քաղաքացիների ազատությունները։ Այս պայմաններում խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ երկու գործիչներն էլ որևէ վտանգ չեն սպառնում հանրությանը և իրենց երկրի շահերին։ 

Անկեղծորեն հավատում ենք, որ ստեղծված իրավիճակը կլուծվի ամենամոտ ապագայում»,- ասված է բաց նամակում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print