Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել բնապահպանական խնդիրները՝ հող նախապատրաստելով ռազմական էսկալացիայի համար։
Ադրբեջանի «Baqu TV»-ն օգոստոսի 16-ին եթեր է հեռարձակել «Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները ոչնչացնում են տարածաշրջանի էկոլոգիան» խորագրով ռեպորտաժ։
Ռեպորտաժում խոսվում է նրա մասին, որ Քաջարանի եւ Կապանի հանքաարդյունաբերական ընկերությունների արտադրական թափոններն աղտոտում են միջավայրը։ Մասնավորապես ռեպորտաժում ներկայացնում են Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատի (ԶՊՄԿ) գործունեությունը, կոմբինատի թափոնները լցվում են գետերն ու աղտոտում դրանք։
44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել բնապահպանական խնդիրները՝ հող նախապատրաստելով ռազմական էսկալացիայի համար։
Վերը նշված ռեպորտաժում օգտագործվել են Հայաստանի բնապահպանների հարցազրույցներից մոնտաժված հատվածներ։ Իսկ բնապահպանների հետ խոսել է Նատալյա Խոխլովան՝ ռուսական «Բլոկնոտ․ռու» լրատվամիջոցի համար։
Այս թեմայի վերաբերյալ syunik.tv կայքը պարզաբանում խնդրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ- նախագահ Ինգա Զարաֆյանից։
Ինգա Զարաֆյանի հարցազրույցից մի հատված տեղ էր գտել վերը նշված ռեպորտաժում։
Մեր հետ զրույցում Ինգա Զարաֆյանը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանի բնապահպանական խնդիրները բարձրաձայնող բնապահպաններն օգնում են Բաքվի քարոզչությանը։
«Ոչ, չենք օգնում։ Ադրբեջանը, անկախ նրանից մենք բարձրաձայնում ենք խնդիրների մասին, թե ոչ, հորինում է տարբեր փաստեր։ Օրինակ՝ Երասխի գործարանի հետ կապված, որի մասով ընդհանրապես ոչ մի ահազանգ չի եղել։ Նրանք հորինեցին իրականությանը չհամապատասխանող փաստ եւ հետո սկսեցին իրենց ռազմական գործողությունները։ Մենք ազատ երկիր ենք եւ ինչպես բոլոր ազատ երկրներում, ի տարբերություն Ռուսաստանի եւ Ադրբեջանի, մեզ մոտ բնապահպաններն ազատ խոսքի իրավունք ունեն։ Բարձրաձայնում են խնդիրների մասին, որպեսզի դրանք լուծումներ ստանան, և ստանում ենք լուծումներ»,- ասաց բնապահպանը։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը եւ ռեպորտաժում հարցազրսւյց տված մյուս քաղաքացիները, կարծել են, որ հարցազրույցը տալիս են ռուսական լրատվամիջոցին։ «Իմանալով ռուսական ընկերությունների կողմից Սյունիքի մարզում շահագործվող հանքերի մասին, նրանք բարձրաձայնել են խնդիրները՝ հույս ունենալով, որ հետո կստանան դրանց լուծումները։ Այ սա է հարցը։ Ես համոզված եմ , որ Նատալյա Խոխլովան եւ «Բլոկնոտ․ռու» լրատվամիջոցը, պատվեր են ստացել Ադրբեջանից եւ այդ հարցազրույցը անօրինական կերպով վաճառել են։ Այդ հարցազրույցը լրիվ ուրիշ թեմայով էր, թե ինչի մասին է խոսքը, ես արդեն իմ հայտարարության մեջ ասել եմ»,-եզրափակեց Ինգա Զարաֆյանը։
syunik.tv կայքին պարզաբանում տալ համաձայնեց նաեւ «Քաջարան Զարթոնք» բնապահպանական ՀԿ նախագահ Ալբերտո Աթայանը։
«Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը բնապահպանական թեմաներն օգտագործում է մեր դեմ։ Ես այդ թեմայով խոսելով չեմ օգնել Ադրբեջանին, ես չեմ խոսել Ադրբեջանի համար։ Ես հարցազորւյց տվել եմ Նատալյա Խոխլովայինն եւ «Բլոկնոտ․ռու» լրատվամիջոցին, բայց իմ խոսքը մոնտաժ են արել։ Ես բարձրաձայնում են խնդիրների մասին եւ համայնքապետարանն ու ԶՊՄԿ-ն լուծում են դրանք։ Կոմբինատը պատասխանում է իմ հարցերին, չեն արհամարհում։ Ես ծրագիր ունեմ Լեռնաձորի պոչամբարի հետ կապված։ Դիմել եմ կոմբինատին, որ չափարենք այդ հատվածը, որ անասունները չմտնեն էդտեղ արածելու։ Ջրահեռացման համակարգ է նաեւ կառուցվել, որ ջուրը չթուլացնի պատնեշները։ Սրա մասին ես հարցազրույցի ժամանակ ասել եմ, բայց իմ խոսքը կտրել են»,- նշեց Աթայանը։