Մասնավորապես՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվաղ ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին և դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս։
Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։ Այս մասին հայտնում է ընկերության լրատվական ծառայությունը։ Ստորեւ՝ ընկերության տարածած հաղորդագրությունը։
«Ֆլայ Արնան» Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։
Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների հիման վրա, որի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին: Մասնավորապես՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվաղ ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին և դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս։
«Այսօր մեծ հպարտությամբ ենք նշում, որ «Ֆլայ Արնան» ճանաչվել է Հայաստանի ամենաանվտանգ ավիաընկերությունը՝ հաջողությամբ անցնելով ավիացիայի ոլորտում ամենաբարդ IOSA աուդիտը։ Այս ձեռքբերումը վկայում է ամիսներ ձգվող թիմային աշխատանքի և աշխատանքում գերազանցության հասնելու մեր հանձնառության մասին։ Մեր ուղևորների և թռիչքային անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն առանցքային է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձր պահել ավիացիայի ոլորտում ուղևորների սպասարկման նշաձողը՝ հավատարիմ մնալով ազգային ավիաուղիներ կոչմանը»,- նշել է «Ֆլայ Արնայի» մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
«Ֆլայ Արնան» շարունակելու է բծախնդրորեն հետևել անվտանգության և սպասարկման ոլորտում համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։ Ավիաընկերությունն իր հիմնադրման առաջին օրերից ի վեր մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման գործընթացում դրական ազդեցություն ունենալու համար։
Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնան» Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է և հետևում է Էյր Արաբիա ավիաընկերության հաջողված բյուջետային բիզնես մոդելին՝ առաջարկելով հարմարավետություն, հուսալիություն եւ շահավետ օդային փոխադրումներ:
–