«Փաստ» օրաթերթը գրում է. «Թշնամու կողմից Արցախի պաշարման օղակն ավելի է սեղմվում: Ադրբեջանական կողմը որոշակի գործողությունների է դիմում՝ Արցախը նաև տեղեկատվական պաշարման ենթարկելու նպատակով: Մասնավորապես, դեռ անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, որ այդ օրվա երեկոյան Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղակայած ապօրինի հսկիչ-անցագրային կետի մոտ ադրբեջանական կողմը խափանել (կտրել) է ինտերնետ կապի օպտիկամանրաթելային մալուխը: Բացի այդ, ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ Արցախի կապի մասնագետները ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ մոտենան և նորոգեն վնասված մալուխը: Դե, դա ինքնըստինքյան հասկանալի է. էլ ինչո՞ւ էին վնասում, որ մի հատ էլ թույլ տային մոտենալ:
Չնայած դրան, Արցախում ինտերնետ կապ որոշակի չափով դեռ կա, ինչի մասին վկայում են արցախցի օգտատերերի սոցցանցային գրառումները: Ի դեպ, հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում և Արցախի տարածքում «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումների վերահեռարձակումը դադարեցնելու մասին դեռևս հուլիսին որոշում է կայացրել ռուսական «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալությունը:
Հասկանալի է, որ դա էլ իր հերթին Արցախը տեղեկատվական բլոկադայի ենթարկելուն ուղղված քայլ է: Հնարավոր է՝ նման որոշում կայացվել է ադրբեջանական կողմի ճնշման տակ, բայց դրանից նշված փաստն ավելի «թեթև» չի դառնում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում