Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը խլել էր 11 մարդու կյանք։
Օգոստոսի 14-ին Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ «ZIL» մակնիշի բեռնատարի վարորդի նկատմամբ դեռևս խափանման միջոց չկա ընտրված։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից:
Վերջինիս խոսքով՝ բեռնատարի վարորդը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու մեջ։ Այս պահին վարորդը գտնվում է բուժհաստատությունում, շարունակում է ստացիոնար բուժում ստանալ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։