Սոչի-Եկատերինբուրգ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Սոչի-Եկատերինբուրգ չվերթը թռիչքից մեկ ժամ հետո տագնապի ազդանշան է միացրել Կասպից ծովի վրա և արտակարգ վայրէջք խնդրել։ 

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Սոչիից Եկատերինբուրգ էր մեկնում, չնախատեսված վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում տագնապի ազդանշանի միացման պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։

«Airbus A 321 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։ Տուժածներ չկան։ Ուղևորների համար վտանգ ներկայացնող ոչինչ չկար, անձնակազմը որոշել է չնախատեսված վայրէջք կատարել՝ անսարքությունն ավելի մանրամասն գնահատելու համար։ Այս պահին տագնապի ազդանշանի փորձարկում է իրականացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Սոչի-Եկատերինբուրգ չվերթը թռիչքից մեկ ժամ հետո տագնապի ազդանշան է միացրել Կասպից ծովի վրա և արտակարգ վայրէջք խնդրել։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print