Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո մոլեկուլային գենետիկական հետազոտությունները ավարտվել են, բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է։ Տեղեկությունը հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մահացածները համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ընդգրկված է նաև «Վագների» ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
«Տվերի մարզում ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական փորձաքննությունները, որոնց արդյունքների հիման վրա պարզվել է բոլոր 10 զոհվածների ինքնությունը, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռոսավիացիան հայտնել էր, որ, ըստ ուղևորների ցուցակի, ինքնաթիռում են եղել Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատարներից Դմիտրի Ուտկինը։
Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը։ Ռոսավիացիայի տվյալներով՝ կործանված ինքնաթիռում եղել են Պրիգոժինը, ռազմական կազմակերպության հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ընդհանուր առմամբ, տասը մարդ է զոհվել։