Պետական նախարարը շեշտադրել է առկա հիմնախնդիրների ու հնարավորությունների համակողմանի վերլուծության և բոլոր ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 1-ին մեկնարկելիք նոր ուսումնական տարվան ընդառաջ: Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմը։
ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ներկայացրել է ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների և նախապատրաստական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները:
Նախարարն ընդգծել է հատկապես գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղության և տրանսպորտի բացակայության խնդիրները՝ շեշտելով, որ այդ պայմաններում հնարավորինս արվել է սեպտեմբերի 1-ին ուսումնական գործընթացի մեկնարկի նախապատրաստության ուղղությամբ:
Պետական նախարարը շեշտադրել է առկա հիմնախնդիրների ու հնարավորությունների համակողմանի վերլուծության և բոլոր ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար:
Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ հնարավորինս պետք է անել ներկա ծանր պայմաններում լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու երեխաների առողջությունը՝ միաժամանակ չանտեսելով կրթության իրավունքի ապահովման պետության պարտավորությունը:
Նախարարության ներկայացուցիչներից բացի, իրենց դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանը և Էլեոնորա Ավանեսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Շահագրգիռ քննարկումից հետո պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել լիազոր մարմնին առաջիկա օրերի անելիքների վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով իրավիճակի ամենօրյա մշտադիտարկման ու վերլուծության անհրաժեշտությունը՝ ըստ կարիքի համապատասխան որոշումների կայացման նպատակով:
–