Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում:
Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, որում ասված է.
«Սիրելի´ հայրենակիցներ,Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում:
Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»:
–