Իրանի արտգործնախարարն իր թուրք գործընկերոջ հետ խոսել են նաև տարածաշրջանային խնդիրների մասին։
Իրանը չի ընդունի տարածաշրջանում տարանցիկ ուղիների արգելափակումը: Հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Թեհրանում Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Գրել է MEHR-ը։
«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նպատակային ծավալը 30 միլիարդ եվրո է, այժմ մենք ճանապարհի կեսն ենք: Վերջերս [Իրանի] արտաքին գործերի՝ տնտեսական դիվանագիտության գծով փոխնախարարը մեկնեց Անկարա, և երկու երկրների միջև տնտեսական ոլորտում լավ պայմանավորվածություններ եղան»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
«Տրանսպորտի և տարանցման ոլորտում մենք համաձայն ենք, որ տարածաշրջանի տարանցիկ երթուղիները փոխլրացնող երթուղիներ են երկու երկրների միջև, և երթուղիները մրցակցության գործոն չեն, փոխարենը դրանք լրացնող գործոն են Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության համար»,- ասել է Ամիր-Աբդոլլահիանը։
Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ խոսել են նաև տարածաշրջանային խնդիրների մասին։
«Առաջին խնդիրն այն է, որ իսլամական աշխարհի ոլորտում երկու կողմերն էլ ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկեցին իսլամաֆոբիայի դեմ պայքարելու և սուրբ գրքերի ու Սուրբ Ղուրանի պղծումը կանխելու համար, և շեշտը դրեցին Պաղեստինի և Ղոդսի հարցը որպես առաջնահերթություն իսլամական երկրների և տարածաշրջանի երկրների համար: Մենք ընդգծել ենք, որ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում ոչ մի արդյունք չի տվել՝ բացի խռովությունից ու պառակտումից տարածաշրջանի երկրների միջև»,- ասել է իրանցի դիվանագետը:
Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Եկել է ժամանակը թողնելու լարվածության ու հակամարտությունների շրջանը և առաջ շարժվել դեպի Կովկասում խաղաղության և համագործակցության շրջան։ Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել [նախագահ] Իլհամ Ալիևի հետ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակումը»։
«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Սիրիայի մտահոգությունները պետք է լուծվեն դիվանագիտական ու երկխոսության ճանապարհով, իսկ ահաբեկչության, սահմանների անվտանգության ու փախստականների հետ կապված հարցերը պետք է լուծվեն երկու երկրների համագործակցության միջոցով»,- հավելել է նա։
«Ես Ֆիդանի հետ խոսել եմ Ուկրաինայում, Աֆղանստանում տիրող իրավիճակի և եռակողմ ձևաչափերի մասին, որոնք կարող են ձևավորվել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո, և երկու կողմերն էլ համաձայն են Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիան միջև եռակողմ հանդիպման ձևավորման շուրջ՝ ապագայում կենտրոնանալով տնտեսական համագործակցության և բիզնեսի ու ներդրումների վրա»,- հավելել է նա։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն այնուհետև ասել է․ «Մենք համաձայն ենք պարոն Հաքան Ֆիդանի առաջարկին, որը վերաբերում է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ձևաչափի վերականգնմանը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով ավելի ամուր համագործակցության նպատակով»։